
Մարտի 1-ին Ռուսաստանում արտախորհրդարանական ուժերի եւ Կոմկուսի կողմից ծրագրված բողոքի ցույցերի նախաշեմին «Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոն»-ը փորձել է պարզել դրանց արդյունավետության վերաբերյալ շարքային քաղաքացիների վերաբերմունքը: Պատասխանելով «Արդյո՞ք կան այնպիսի սուր խնդիրներ, որոնք առանց բողոքի ցույցերի հնարավոր չէ լուծել» հարցին, ռուսաստանցիների 36 տոկոսը նշել է, որ երկրում սուր խնդիրներ չկան: Մինչդեռ, 50 տոկոսը ընդունել է սուր խնդիրների առկայությունը: Նման քաղաքացիների 24 տոկոսը գտնում է, որ սուր խնդիրների լուծման համար պետք է դիմել բողոքի ցույցերի, սակայն վստահ չէ, որ նման քայլը արդյունք կտա: Հարցվածների 16 տոկոսն էլ գտնում է, որ դրանք արդյունք են տալիս միայն առանձին դեպքերում: 26 տոկոսն էլ կարծում է, որ սուր խնդիրներն արդեն լուծվում է: Եվ միայն 8 տոկոսն է վստահ, որ առանց բողոքի ցույցերի հնարավոր չէ հասնել առկա սուր խնդիրների լուծման: