Այն բանից հետո, երբ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը եւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը միմյանց (առնվազն) քաղաքականապես ոչնչացնելու մասին հայտարարություն են արել, Հայաստանի Հանրապետությունում ներքաղաքական իրավիճակը լարված է եւ շարունակում է լարվել գրեթե ամենժամյա ռեժիմով: Շաբաթ օրը ոչ իշխանական եռյակի լիդերները ընդլայնված կազմով հավաք արեցին, որից հետո որոշեցին փետրվարի 20-ին Ազատության հրապարակում հանրահավաք հրավիրել: Եռյակի ներկայացուցիչները երեկ արդեն Շտապ հավաք անցկացնելու մասին գրություն են ներկայացրել Երեւանի քաղաքապետարան: Ավելի ուշ՝ Երեւանի քաղաքապետարանը հայտարարություն տարածեց, որում ասում է, թե գրությունը չի համապատասխանում օրենքին: Այսուհանդերձ, քաղաքապետարանը չի հայտարարել, որ արգելում է հավաքը, չնայած՝ բազմաթիվ լրատվամիջոցներ հենց այդպես էլ մեկնաբանում են: Իսկ եռյակի ներկայացուցիչներն ասում են, որ անկախ քաղաքապետարանի դիրքորոշումներից, հանրահավաքը տեղի է ունենալու: Փետրվարի 20-ի հանրահավաքը, թերեւս, ՀՀԿ-ԲՀԿ ընթացիկ կոնֆլիկտի կարեւորագույն հանգրվաններից է: Ճիշտ է, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը փետրվարի 13-ի ելույթում արդեն իսկ հայտարարել է հավաքների, քաղաքացիական անհնազանդության միջոցով Սերժ Սարգսյանին հեռացնելու մտադրության մասին, բայց առայժմ որեւէ կոնկրետ ճանապարհային քարտեզ չի հրապարակել, թե կոնկրետ երբ եւ կոնկրետ ինչպես է դա պատրաստվում անել: Ենթադրվում է, որ այս հարցերի պատասխանը պետք է տրվի հենց փետրվարի 20-ի հանրահավաքում:
Երեկ մի շարք լրատվամիջոցներ լուր տարածեցին, թե Մոսկվայից Երեւան է ժամանել «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանը՝ Սերժ Սարգսյանի եւ Գագիկ Ծառուկյանի միջեւ միջնորդական առաքելություն իրականացնելու, հաշտության եզրեր գտնելու համար: Թե ինչքանո՞վ են այս լուրերը համապատասխանում իրականությանը՝ միանշանակ դժվար է ասել: Պրոբլեմն այն է, սակայն, որ ո՛չ Սերժ Սարգսյանը, ո՛չ Գագիկ Ծառուկյանը իրենց վերջին ելույթներով արժանապատիվ նահանջի ճանապարհ չեն թողել: Միակ խաղաղ հանգրվանը, որ Գագիկ Ծառուկյանի համար իր ելույթում նախատեսել է Սերժ Սարգսյանը՝ քաղաքականությունից հեռանալն ու բացառապես բիզնեսով զբաղվելն է, իսկ Գագիկ Ծառուկյանը խնդիրը շատ կոնկրետ է ձեւակերպել. Սերժ Սարգսյանին հեռացնել իշխանությունից: Թե այս իրավիճակում ինչպիսի՞ հաշտություն է հնարավոր՝ դժվար է ասել: Տեսականորեն հաշտությունը չի բացառվում, իհարկե: Բայց Սարգսյանի ու Ծառուկյանի հռետորաբանությունից հետո ոչ-ոքի արդյունքը կարծես հնարավոր չէ: Ինչպես հաշտեցման, այնպես էլ առճակատման պարագայում լինելու են հաղթողներ ու պարտվողներ: Թե ինչքա՞ն համոզիչ կլինի հաղթանակը եւ որքան ծանր պարտությունը՝ հնարավոր չէ կանխատեսել:
Այս համոզմունքն է, թերեւս, Սերժ Սարգսյանին ստիպում ոչ մի րոպե կանգ չառնել. երեկ երեկոյան, արդեն, ԲՀԿ-ն ահազանգում էր, որ կուսակցության տարածքային կառույցների ղեկավարները ձերբակալվում են, բերման են ենթարկվում՝ տարբեր պատճառաբանություններով: Ուշ երեկոյան լուր տարածվեց, որ մոտ 40 ոստիկաններ շրջապատել են ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Գասպարյանի տունը՝ Ջանֆիդա գյուղում, եւ խուզարկություն են իրականացրել: Այս լուրերի ֆոնին համոզմունք կա, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը նույնպես մտնում է իշխանությունների պլանների մեջ: Երեկ, սակայն, ի հեճուկս սպասումների, իշխանությունը ոչ մի կոնկրետ քայլ չձեռնարկեց ԲՀԿ նախագահին ԱԺ պատգամավորի մանդատից, այսպիսով նաեւ պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու համար: Քանի դեռ Ծառուկյանը պատգամավոր է, նրան կարող են ձերբակալել միայն ԱԺ համաձայնությամբ: Օրենքը թույլ է տալիս պատգամավորին ձերբակալել նաեւ հանցանքի կատարման պահին, բայց կալանքի հարցը պետք է հասնի ԱԺ: Ականատեսները վկայում են, որ Գագիկ Ծառուկյանի հայտնի առանձնատան շուրջ անվտանգության բացառիկ միջոցառումներ են ձեռնարկված: Ծառուկյանին խորհուրդ են տվել հնարավորինս քիչ դուրս գալ տնից՝ սադրանքներից խուսափելու համար: Իսկ ԱԺ միջանցքներում խոսում են, որ Ծառուկյանին մանդատից զրկելու հետ կապված թղթեր են նախապատրաստվում: Ու այստեղից բնական հարց է ծագում. եթե իշխանության խնդիրը Ծառուկյանի շուտափույթ ձերբակալությունը չէ, ինչո՞ւ են նրան շուտափույթ ուզում զրկել պատգամավորական մանդատից:
Ամեն դեպքում, պրոցեսները Հայաստանում մտել են անկանխատեսելիության փուլ: Ամեն րոպե կարող է ինչ-որ կարեւոր, նույնիսկ շրջադարձային բան տեղի ունենալ: Ու չնայած հիմա նախահարձակ կողմը Սերժ Սարգսյանն է, ու Ծառուկյանը, ըստ էության, պաշարված է սեփական առանձնատանը, ստեղծված իրավիճակից հաղթանակած դուրս գալու՝ կողմերի հնարավորությունները պետք է հավասար գնահատել: Շատերը համարում են, որ եռյակը ուշանում է իր գործողություններում եւ ժամանակն աշխատում է Սերժ Սարգսյանի օգտին: Սա կարող է ե՛ւ ճիշտ գնահատական լինել, ե՛ւ սխալ: Եթե եռյակն ուշանում է, որովհետեւ այնքան էլ լավ չի պատկերացնում իր անելիքը, դա, իհարկե, թուլացնում է նրա շանսերը: Բայց եթե հստակ գիտի իր անելիքը եւ հանդարտ շարժվելը նրա մարտավարության մասն է, ուրեմն սա մի փոքր փոխում է իրավիճակը: Ոմանք պնդում են, թե ԲՀԿ-ն ու իր համակիրները Սերժ Սարգսյանի վարչական լծաների դեմ ոչ մի շանս չունեն: Սա, իհարկե, օբյեկտիվ գնահատական չէ, որովհետեւ ակնհայտ է, որ ԲՀԿ-ն եւ Գագիկ Ծառուկյանը կարող են ահռելի մասսաներ կոնսոլիդացնել, որոնց դեմ ուժային լծակները ուղղակի անօգուտ են: Սա իսկապես խնդիր չէ Ծառուկյանի եւ եռյակի համար: Խնդիրը բոլորովին ուրիշ բան է. կկարողանա՞ նա ճիշտ ուղղորդել մարդկանց էներգիան, իշխանափոխության մղումը, թե՞ ժողովրդական զանգվածների հերթական հիասթափության պատճառը կդառնա: Ծառուկյանի համար իրական վտանգը Սերժ Սարգսյանն ու նրա ուժային լծակները չեն, այլ իշխանափոխության ձգտող զանգվածների հիասթափությունը:
|