Շաբաթ օրը հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն ազատվել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի խորհրդի անդամի պարտականություններից։ Ծառուկյանը նաեւ այդ խորհրդի նախագահն էր, հետեւաբար հեռացված է նաեւ այդ պաշտոնից: Իսկ նրա փոխարեն Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի խորհրդում նշանակվել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը (ՀՀԿ անդամ): Հիշեցնենք, որ բուհերի խորհուրդները, բացի ուսանողական եւ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներից, ձեւավորվում են նախարարության ու կառավարության առաջարկած անձանցից: Ակնհայտ է, իհարկե, որ Ծառուկյանին այս խորհրդից հեռացնելը նրա նկատմամբ սանձազերծված արշավի շրջանակներում է: Բայց եթե այդ ընթացքում ընդգծվում էր նրա՝ քաղաքական գործիչ չլինելու հանգամանքը եւ ակնարկվում էր հարկերից խուսափելու փաստը, ապա Ծառուկյանի՝ սպորտսմեն լինելը ոչ ոք կասկածի տակ չէր առել: Եւ ուրեմն՝ ի՞նչ պատճառաբանություն է ներկայացնում կառավարությունը՝ նրան ֆիզկուլտինստիտուտից եւս հեռացնելու համար: Երեկ, երբ փորձեցինք ստանալ այս հարցի պատասխանը, պարզվեց՝ կառավարությունն ասելիք չունի: Նշենք, որ ըստ Վիքիպեդիայի կենսագրական տվյալների, Գագիկ Ծառուկյանը նշված ինստիտուտի շրջանավարտ է, եղել է ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի ուսուցիչ, ըմբշամարտի մարզիչ։ 1996 թվականին դարձել է բազկամարտի աշխարհի չեմպիոն, իսկ 1998-ին՝ Եվրոպայի չեմպիոն։
|